Երկու շաբաթ հոգու որոնումներ Մադեյրայում

Այս հոդվածը սկզբնապես գրվել է անգլերենով և թարգմանվել հայերեն։ Բնօրինակը կարդալու համար էջի վերևից փոխեք լեզուն։


Անցած երկուսուկես տարվա ընթացքում ամբողջությամբ նվիրվել էի Vareto-ում զրոյից պրոդուկտ և ինժեներական թիմ կառուցելուն։ Դա միաժամանակ ահագին ոգևորիչ էր ու մարտահրավերներով լի, բայց անընդհատ մի հարց էր տանջում՝ «Ինչի՞ համար եմ ես սա անում»։ Հա, պրոդուկտը մեծ ներուժ ունի, թիմն էլ հրաշալի է, բայց արդյո՞ք դա իսկապես «ես» եմ։ Գոհացնող պատասխան չունեի։ Հիմա, երբ ընկերությունն արդեն կայուն հիմքերի վրա է, որոշեցի կանգ առնել և ուղղակի… մտածել։

Արշակը, ով իմ կյանքում ընտանիքի պես մշտական ներկայություն է, նույնպես նման փուլով է անցնում։ Միասին Մադեյրայում առանձնացված տուն վարձեցինք՝ բարձր սարի վրա, անհավատալի գեղեցիկ տեսարանով, որը դարձավ ֆոն մեր բազմաժամյա մեդիտացիաների, ինքնաքննության ու ապագա քայլերի մասին մտորումների համար։

Վերջապես լիովին ընդունեցի, որ կյանքս դուրս էր եկել հավասարակշռությունից։ Մշտապես ինչ-որ մտավոր խթաններ էի փնտրում՝ աշխատանք, անձնական նախագծեր, տարբեր պարտավորություններ․ դրանք բոլորը ներկայացնում էի որպես արդյունավետության ձգտում, իրականում խուսափելով ինքս ինձ հետ հանգիստ, լուռ պահերից։ Փաստացի, խուսափում էի տհաճ իրականությունից, որ այն կյանքը, որով ապրում եմ, իմը չէ։

Պատահական 10-15 րոպեանոց մեդիտացիաները և ֆիզիկական ակտիվությունները (հեծանիվ, վազք) ինչ-որ թեթևություն էին բերում, բայց խորքում գիտեի, որ դա բավարար չէր։ Եվ, այնուամենայնիվ, ոչ մի արմատական քայլ չէի ձեռնարկում իրավիճակը փոխելու համար։

Հիմա հասկացել եմ, որ իրականում ինձ պետք է ավելի շատ ժամանակ՝ դանդաղ, գիտակցված պահեր ինքնաքննության համար, որպեսզի հասկանամ իմ ուղղությունը և թե ինչպես շարժվել առաջ։ Էս մտածելակերպը Մադեյրայում բավականին բնական էր տրվում․ այստեղ ներդաշնակ էի բնության ռիթմի հետ և հեռու ժամանակակից աշխարհի խելահեղ տեմպից։

Դանդաղ կյանքի այս ձգտումը մասամբ արտացոլում է իմ բնավորությունը, բայց նաև գիտակցումն է, որ մենք՝ որպես տեսակ, դեռևս պատրաստ չենք այսօրվա անողոք արագությանը։

Լոս Անջելես վերադառնալուց առաջ մի փոքր էլ ճանապարհորդելու եմ՝ հիմնականում փնտրելով դանդաղ տեմպով, բնությամբ հարուստ միջավայրեր։ Սա այնքան աշխարհ տեսնելու մասին չէ, որքան ինքս ինձ ավելի խորությամբ բացահայտելու։

Ի դեպ, Մադեյրան իր իդեալական եղանակով, ապշեցնող բնապատկերներով ու հանգիստ մթնոլորտով կարող է դառնալ հաջորդ Բալին։